ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՂՔԱՏ ՉԷ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ԹԱԼԱՆՎԱԾ»

«ԱՂՔԱՏ ՉԷ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ԹԱԼԱՆՎԱԾ»
23.11.2010 | 00:00

Արտաշատի շրջանի Այգեստան գյուղն ունի 3021 բնակիչ: Գյուղը համապատասխանում է իր անվանը: «Մոտ 50-60 տարի առաջ այստեղ մեկ մետր հող անգամ չի եղել, որ անմշակ լինի: Այս գյուղի բնակիչները հողի հետ պատերազմ տվող մարդիկ են,- ասում է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը։- ՈՒրախալի է, որ հաղթանակով են դուրս գալիս, թեկուզ ոչ մեծ շահույթով, քանի որ այսօր կա ոռոգման, մշակութային կենտրոնների, դպրոցի վերանորոգման, գյուղմթերքների իրացման խնդիր և այլն»: Օրերս Արարատի մարզպետը ծանոթացավ գյուղում կատարվող աշխատանքներին և ներկա գտնվեց վերանորոգված մարզասրահի բացմանը: «Երբ 2008-ին ստանձնեցի գյուղապետի պաշտոնը, գյուղապետարանի բյուջեն ընդամենը 22 հազար դրամ էր, ասեմ, որ նախորդ երեք գյուղապետերի դեմ քրեական գործ է հարուցվել,- ասում է Այգեստանի գյուղապետ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ և պատմում, թե ինչ տեսքով է «ժառանգություն» ստացել ներկայումս վերանորոգված գյուղապետարանը:- Գյուղապետն ինքն էլ այնտեղ չէր նստում, որովհետև փոշու և կեղտի մեջ էր: Նույն վիճակում էր մարզասրահը: Գյուղապետարանը բարվոք տեսքի բերելու համար 39 մլն դրամ էր անհրաժեշտ, 2 մլն 300 հազար ենք ծախսել բյուջեից, մնացածն արել եմ ես, իմ ընկերները, գյուղի նվիրյալները, բանվորները, որոնք առավոտից երեկո անվճար աշխատել են, ես էլ` նրանց հետ: Այս տարվա հունվարից սկսեցինք մարզասրահի վերանորոգումը նույն սկզբունքով, նույն ճանապարհով ու խանդավառությամբ»: Մարզասրահում լուծված են տաք և սառը ջրի, կոյուղու, գազիֆիկացման հարցերը: Գույք դեռևս չունեն: «Ցուրտ ու մութ տարիներին պատուհանները տարան, խողովակները ծախեցին որպես մետաղ, բա ծանրաձո՞ղը ինչու տարան,- ասում է գյուղապետը և տալիս իր գնահատականը։- Որովհետև աղքատ չէ մեր երկիրը, այլ թալանված: Եթե գյուղի ակումբը տեսնեք, կհասկանաք` քսան տարի ինչ է կատարվել այս երկրում: Ինքնագիշատիչ ազգ ենք, ոչ ոք մեզ այնքան չի վնասում, որքան մենք ինքներս»: Գազիֆիկացման, ջրագծի խողովակների (ինչի շնորհիվ բնակիչները մաքուր ջուր կունենան, ոչ թե աղբ), ակումբի վերանորոգման, փողոցների խճապատման, լուսավորության և այլ հարցերը լուծելուց զատ, գյուղապետն ուշադրությունից դուրս չի թողել նաև գյուղում զուգարան ունենալու խնդիրը` վճարովի և, համապատասխան հայերեն իր բնորոշմանը, «զուգվելու վայր»: Եվ օրինակ է բերում. Սինգապուրում զուգարանների մաքրության մրցույթ են հայտարարել, մինչդեռ մենք կարևորություն չենք տալիս և խուսափում ենք այդ մասին խոսելուց:
Սոկրատ Հովսեփյանը նշում է, որ Այգեստանում մոտ 50-60 հեկտար հող մնացել է անմշակ, որովհետև որոշ բնակիչներ անհայտ հասցեով բացակայում են, հողը չեն մշակում և հարկ չեն վճարում: Նրա համոզմամբ` այդ մարդիկ մեխանիկորեն պետք է զրկվեն սեփականության իրավունքից: Այս հարցով նա դիմել է կառավարությանը: «Քանի դեռ իշխում է դատավորների նշանակման ջհանգիրյանական մեթոդը, երկրում արդարություն չի կարող լինել»,- ասում է նա: Ոռոգման խնդիրն էլ` մյուս կողմից: Գյուղապետը նկատում է` հիմա ջուրը փողոցներով է հոսում, եթե էներգիա է, փող է, ինչո՞ւ է ամռանը խնայվում, իսկ աշնանը` վատնվում: Գյուղում առկա խնդիրների մասին իր մտահոգություններն ու առաջարկները հայտնեց նաև Էդիկ Բարսեղյանը` իր այցն «ամփոփելով» գյուղի դպրոցում: Մարզպետը զրուցեց դպրոցի տնօրենի և ուսուցիչների հետ: Նրա խոսքով` լավ սերունդ դաստիարակելն ուղղակիորեն կապված է երկրի բարգավաճման հետ, հակառակ դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենանք: Գյուղի դպրոցի տասներեք շրջանավարտ այս տարի ընդունվել է բուհ, մարզպետը շնորհավորեց ուսուցիչներին` համարելով դա նկատելի նվաճում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ